Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Փաբում միայն սպիտակներն են

Փաբում միայն սպիտակներն են
23.11.2013 | 13:51

«Սպիտակ ագռավ». այսպես է կոչվում երևանյան նորաստեղծ ակումբը, որ խոստանում է դառնալ մշակութային յուրատեսակ հավաքատեղի: «Սպիտակ ագռավների» ակումբում անցկացվում են համերգներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ և այլն:

«Աշխարհում բոլոր կենդանիներն ունենում են ալբինոսներ: Մարդիկ՝ նույնպես: Սպիտակ ագռավը ալբինոս է, նա գենետիկ խախտում ունի, ինչի արդյունքում դառնում է յուրօրինակ,- ասում է ակումբի հիմնադիր, գրող, հրապարակախոս Վարդան Հակոբյանը:- Բայց խնդիրն այստեղ այլ է. պետք է ոչ թե սպիտակ ծնվել, այլ կարողանալ սպիտակ ապրել:
Սպիտակ ագռավները հիմնականում մշակութային մարդիկ են, որոնք անընդհատ ինքնարտահայտման տարբերակներ են որոնում»:

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ակումբի անդամները: Զրուցակցիս խոսքով` մարդն ինքն է զգում` սպիտակ ագռա՞վ է ինքը, թե՞ ոչ: Գնահատական ոչ ոք չի տալիս, այստեղ չկան օրենքներ, պարտականություններ, սահմանափակումներ, բայց կա մի մեծ փորձություն` ամեն ինչ անելու իրավունք: «Պարտականությունը փորձություն չէ, մարդիկ սիրում են պարտականություններով ապրել, դա հեշտացնում է կյանքը, իսկ իրավունքները խնդիրներ են առաջացնում: Եթե իրավունքները սխալ օգտագործես, ինքդ էլ կհասկանաս, որ սպիտակ ագռավ չես»,- ասում է նա: Սպիտակ ագռավը առաջին հերթին պետք լինել հասարակական ակտիվություն ունեցող մարդ, ով ինչ-ինչ քայլեր է անում այլոց համար: Նա սպիտակ է, որովհետև առաջին հերթին ոչ թե իր մասին է մտածում, այլ ուրիշներիե: Կանոնադրությունը մոտավորապես այսպիսին է. ակումբի անդամներն իրավունք ունեն առաջարկելու ու անցկացնելու ցանկացած միջոցառում ակումբի տարածքում (նրանց հավաքատեղին համանուն փաբն է`«White Crow»-ը), կարող են մասնակցել ակումբի ձևավորման աշխատանքներին, ունենալ իրենց անունով խմիչքներ և այլն: Ակումբային նշանը արծաթյա սպիտակ ագռավն է: Անդամատոմս չկա, եթե շատ լինեն անդամները, յուրաքանչյուրը կունենա ակումբի իր բանալի:
Հավելենք, որ եվրոպական տարբեր երկրներում գոյություն ունի «Սպիտակ ագռավ» մրցանակ: Այս ավանդույթը թափանցելու է նաև հայկական իրականություն: Փայտից ագռավիկ մրցանակը կստանա նա, ով լավ բան կանի մարդկանց համար: Այսպես են ապրում երևանյան սպիտակ ագռավները: «ՀԿ չեմ հիմնադրում, որովհետև օրենքները բարենպաստ չեն, ընդհանրապես չեմ սիրում օրենք»,- ասում է ակումբի հիմնադիրը, երկու խոսք էլ ասում մեր թևավոր հերոսի` ագռավի մասին:- Ագռավը ինտելեկտուալ թռչուն է, կարողանում է 160 բառ արտասանել և այդ բառերով մտքեր արտահայտել: Ագռավը երկար է ապրում»:
Ի դեպ, բոլորից տարբերվող մարդուն «սպիտակ ագռավ» արտահայտությամբ առաջին անգամ բնորոշել է հռոմեացի պոետ Յուվենալան 1-ին դարում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ